Ուշագրավ հանդիպում Արցախում. սկսվեց Հովիկ Աբրահամյանից

Օգոստոսի 10-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգության առնչությամբ գործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպումը ինքնին հետաքրքիր է, իսկ հետաքրքրությունն էլ ավելի է մեծացնում հանգամանքը, որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ հնարավոր է Արցախում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Օգոստոսի 9-ին նրա գրասենյակը տարածել էր տեղեկություն, որ նա վերադարձել է արտերկրի արձակուրդից եւ մեկնել Արցախ՝ մորը տեսության:

Հայկական մամուլում օգոստոսի 11-ին տեղեկություն է տարածվել, որ Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է նաեւ Բակո Սահակյանի հետ, քննարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված հարցեր, Սարգսյանի համար կալանավորումը եղել է անակնկալ, ըստ ոչ պաշտոնական այդ տեղեկության: Իսկ հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին:

Իհարկե, նա կարող էր դա անել նաեւ Երեւանում, սակայն չի բացառվում, որ Արցախում գուցե դա հնարավոր էր ավելի տեսադաշտից հեռու, եւ միեւնույն ժամանակ նաեւ այլ ֆորմատով՝ օրինակ Բակո Սահակյանի մասնակցությամբ, եւ հենց դրա համար կարող էր անհրաժեշտ լինել օգտվել Սերժ Սարգսյանի Արցախում լինելու հանգամանքից:

Իսկ հանդիպման պատճառ, ինչպես կասեր դասականը, միշտ էլ կգտնվեր: Այդ պատճառները շատ են թե կոռուպցիոն սխեմաների դաշտում, որ ներկայում քանդում է ԱԱԾ-ն Հայաստանում, թե Մարտի 1-ի գործի, որն անմիջականորեն ԱԱԾ տիրույթում չէ, սակայն որում ԱԱԾ-ն ուշագրավ դեր ստանձնեց օգոստոսի 9-ին, հայտարարելով Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում խուզարկության եւ զենք-զինամթերքի հայտնաբերման մասին: Ավելին, ԱԱԾ պետը հայտարարեց, որ հնարավոր է զենքն օգտագործվել է Մարտի 1-ին, եւ օգտագործել են թիկնապահները: Թե հատկապես ու՞մ թիկնապահները, նա չասաց:

Բայց օգոստոսի 11-ին կալանավորվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, ԱԱԾ պետի Արցախ այցից հետո: Արդյոք Հովիկ Աբրահամյանի ուղղությամբ խուզարկությունից հետո է առաջացել Արթուր Վանեցյանի Արցախ այցի հնարավորություն, թե՞ այցը պլանավորված ու համաձայնեցված է եղել վաղուց, այդ թվում գուցե նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակացույցով համաձայնեցված, իսկ Հովիկ Աբրահամյանին ԱԱԾ «այցը» եղել է ոչ թե Արցախում հանդիպման պատճառ, այլ գուցե այդ հանդիպման «նախապատրաստական» մաս:

Միեւնույն ժամանակ, կա նաեւ այլ խնդիր՝ Մարտի 1-ի գործում արցախյան իշխանության որոշ շրջանակների ներգրավվածության վերաբերյալ տարաբնույթ խոսակցություններից բացի, որոնք գուցե գործի քննությամբ ստացել են դեռեւս չհրապարակված որոշակիություն:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը դարձավ մանիպուլյատիվ հնարքի առիթ, կամ ավելի շուտ պատճառ, ինչի միջոցով փորձ արվեց ձեւավորել նրա պաշտպանության «անվտանգային հենք»՝ թե իբրեւ նրա կաանավորումը հարված է արցախյան խնդրում հայկական կողմի դիրքերին, որովհետեւ նա ունի վաստակ եւ Արցախի հարցում հաստատակամ դիրքորոշում:

Երեւանում, ՀՀԿ հայտարարությամբ հունցված մանիպուլյատիվ ու վտանգավոր խմորի հետ սկսեցին խաղալ նաեւ Արցախից, օրինակ մի խումբ պատգամավորներ: Արթուր Վանեցյանի այցը գուցե նպատակ ուներ փոխանցել Արցախի իշխանությանը, որ Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացների առնչությամբ Արցախը չունի մտահոգության որեւէ առիթ կամ պատճառ, ըստ այդմ պետք չէ ավելորդ ներգրավման փորձերով Արցախը վերածել կողմի եւ ստեղծել հայկական պետականությունների համար համընդհանուր մտահոգության առիթներ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ