Վարչապետի վերջնագիրը ՀՅԴ-ին ու մյուսներին

Տավուշի մարզ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական առաջիկա զարգացումների վերաբերյալ մի քանի կարեւոր հայտարարություն է արել: Խոսելով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությանը մասնակցության ձեւաչափի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը, հնարավոր է ընտրությանը մասնակցի դաշինքով, դա կարող է լինել Ելք դաշինքը, բայց կարող է լինել նաեւ այլ դաշինք, բայց բոլոր դեպքերում քաղաքապետի թեկնածուն լինելու է ՔՊ-ից: Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ առաջարկներ են արել Ելքի իրենց խորհրդարանական գործընկերներին, սակայն դրանց մի մասը չի ընդունվել:

Նա խոսել է նաեւ Դաշնակցության դիրքորոշման մասին: ՀՅԴ-ն մի քանի հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ, նշելով, որ տպավորություն ունի, որ տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, եւ Քոչարյանը քաղաքական հալածյալ է:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը, եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին:

Նա սակայն չի պատասխանել հարցին, թե որքանով է այդ պարագայում նպատակահարմար, որ ՀՅԴ-ն շարունակում է մնալ գործադիր իշխանության մեջ:

Հայաստանում նկատվում է ներքաղաքական բեւեռացում, որն առաջիկայում ավելի է խորանում: Քոչարյանի շուրջ տեղի է ունենում հին համակարգի մոբիլիզացա, ի դեմս ՀՀԿ-ի եւ հնարավոր է այլ ուժերի ու մասնավորապես ՀՅԴ-ի: Քոչարյանն ինքն ակնարկել է առաջիկա քաղաքական միջոցառումներին մասնակցության մասին, ինչը որոշակի շանս է հին համակարգի համար:

ՀՅԴ-ն այս առումով հայտնվել է երկիմաստ վիճակում: Այն չի կարող ինքնուրույն մտնել խորհրդարան, նրան անհրաժեշտ են երաշխիքներ: ՀՅԴ-ի դիրքորոշումը գուցե այլ պայմաններում հասկանալի կլիներ, բայց ներկայիս բեւեռացման շրջանում այն կանգնել է ընտրության առաջ: ՀՅԴ-ն մի ոտքով նոր Հայաստանում է, որին հայտնում է իր աջակցությունը, մյուս ոտքով՝ հին համակարգում: Եվ եթե մինչ այժմ փաստացի վերջնագրով խոսում էր Ռոբերտ Քոչարյանը, ներկայում արդեն Նիկոլ Փաշինյանն է կոչ անում կողմնորոշվել եւ կրել ընտրության պատասխանատվությունը, որը «վրա կհասնի ճիշտ պահին»:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այս անգամ էլ չխուսափեց բեւեռացումից, թեեւ նոր Հայաստանում այս հարցը կարծես թե պետք է արդեն չլիներ: Բայց հին համակարգը չի կարող առանց դրա, քանի որ հանրության շրջանում չունի հենարան, իսկ նորն առայժմ չկա:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր հայրենի Տավուշում «թավշյա վերջնագիր» են նախեւառաջ գործընկերներին՝ կողմնորոշվել եւ պատասխանատվություն ստանձնել դրա համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ