Հովիկ Աբրահամյանի զենքի առեղծվածը. այն էլի կիրառվե՞լ է

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ կա վարկած, թե Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող ձեռնարկությունում հայտնաբերված զենքը 2008 թվականի Մարտի 1-ին օգտագործվել է ոչ իրավապահների ձեռքով, որոնք եղել են թիկնապահներ, կողմնակիցներ:

Թե ում կողմնակիցների կամ թիկնապահների մասին է խոսքը, ԱԱԾ պետը չի նշել: Թեեւ իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի ձեռնարկությունում պահվելու էին Մարտի 1-ին այլ թիկնապահների օգտագործած զենքերը:

Այդ կապակցությամբ կան բազմաթիվ հարցադրումներ ու դատողություններ, մեկնաբանություններ, գնահատականներ, ու դեռ կլինեն: Հայտնի է օրինակ, որ կար նաեւ Մարտի 1-ի հայտնի ցուցակը, որ հրապարակեց ՀԱԿ-ը եւ որտեղ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Վաչագան Ղազարյանի, Լիսկայի, Թոխմախի Մհերի եւ մի քանի այլ օլիգարխների անուններ էին, որոնց վերագրվում էին իրենց թիկնազորներին զինելու եւ ցուցարարների դեմ կիրառելու քայլեր:

Հովիկ Աբրահամյանի տրամադրության տակ գտնված զինանոցի մասով սակայն ուշագրավ են թերեւս ոչ միայն Մարտի 1-ին առնչվող հարցեր: Համենայն դեպս, հետաքրքիր է, այդ զենքերը վերջին անգամ կիրառվել են Մարտի 1-ի՞ն, եւ դրանից հետո դրանք խնամքով ամփոփվել են նկուղում կամ պահեստում, թե՞ անցնող տասնամյակում Աբրահամյանի մոտ հայտնաբերված այդ զինանոցը էլի է ունեցել կիրառում:

Իհարկե, հետագա տասնամյակում չեն եղել իշխանության զինված բախումներ հանրության հետ, բայց եղել են լարված իրավիճակներ: Արդյոք զենքը էլի հանվել է «գարաժից»: Եվ իբրեւ առնվազն հիպոթետիկ հարց՝ արդյոք այդ զինանոցը որեւէ կերպ կիրառություն կամ առնչություն ունեցել է, կամ կարող էր ունենալ հետագա տասնամյակի թերեւս ամենալարված, դրամատիկ ու ողբերգական մյուս իրադարձության՝ 2016 թվականի հուլիսյան զարգացումների, ՊՊԾ գնդի գրավման շրջանակում:

Այդ հարցը գուցե խիստ հիպոթետիկ է, սակայն արժե հիշել, որ այդ օրերին եւ դրանից հետո բազմաթիվ էին թե հարցադրումները գունդը գրավողների մոտ եղած զենքի մասով՝ որտեղից այն, եւ թե նաեւ տարբեր արտահոսքերն ու խոսակցությունները, որ տեղի ունեցածն ուներ նաեւ իշխանական թեւերից որոշակի աջակցություն, Սերժ Սարգսյանին այսպես ասած ճնշելու համար: Իհարկե նշվում էին տարբեր անուններ, բայց հատկանշական է, որ հենց հուլիսյան այդ իրադարձությունների հանգուցալուծման հետ զուգորդվեց վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հեռացումը:

Հուլիսի 29-ին, երբ վճռորոշ փուլ մտավ նաեւ գնդի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը, ավարտվելով հուլիսի 31-ին, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Երեւանի տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Դա ըստ էության իշխանությունից նրա հեռացման առաջին քայլն էր, որն ի վերջո ավարտվեց մեկ ամիս անց՝ սեպտեմբերին վարչապետի պաշտոնից հրաժարականով:

Ի դեպ, հետաքրքիր եւ խորհրդանշական զուգադիպությամբ, նախօրեին Հովիկ Աբրահամյանի մոտ գտնված զինանոցի մասին տեղեկատվությանը զուգահեռ, ՊՊԾ գնդի գործով դատական նիստում էլ խոսք էր գնացել գունդ մտնելուց եղած զենքի մասին: Առանցքային դեմքերից մեկը՝ Պավլիկ Մանուկյանը, որն ի դեպ վերջին շրջանում արել է տեղի ունեցածի մասին մի քանի աղմկոտ ու անսպասելի հայտարարություն, խոսել էր գունդ մտնելիս իր հետ տարած զենքի մասին, ասելով, որ այն դեռեւս պատերազմի տարիներին խլել էր ինչ որ ադրբեջանցուց:

Ի դեպ, հետաքրքիր է, թե որտեղից են Աբրահամյանի մոտ հայտնաբերված զենքերը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ