Զինուժի պատռած պլանը. Հեղափոխական շրջադարձ

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Կազանի պլանի շուրջ համաձայնությունը ունենար դրական ընթացք, ապա պետք է գար նաեւ Արցախի դիրքորոշման հերթը, եւ երեք կողմերը միասին սկսելու էին աշխատել խաղաղության համաձայնագրի վրա:
Կազանի գործընթացում վտանգավոր բովանդակության մասին գրում էին ընդամենը մի քանի լրատվամիջոց, քաղաքագետ եւ փորձագետ: Մնացյալ գրեթե բոլորը, ընդ որում թե հիմնական ընդդիմադիր ուժերը, թե իշխանությունը՝ իր հարակից սեգմենտներով, պախարակում էին Կազանի ահազանգը հնչեցնողներին, որոնց ահազանգում էին, որ այդ բովանդակությամբ գործընթացը ի վերջո հանգեցնելու է պատերազմի:
2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը կարճ ժամանակ անց խոստովանեց Կազանի պլանի գոյությունն ու դրա վտանգավոր բովանդակությանը հավանություն տված լինելու փաստը: Սերժ Սարգսյանը համաձայնել էր մի պլանի, որով նախատեսվում էր մի քանի տարածքի հանձնում Ադրբեջանին, իսկ Արցախի կարգավիճակը միեւնույն ժամանակ մնում էր անորոշ: Նաեւ տեղակայվում էին խաղաղապահներ:
Սերժ Սարգսյանն ասում էր, թե ինքը գիտեր, որ Ալիեւը չի ստորագրելու եւ դրա մասին ասել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին: Իսկ Ալիեւի ինչին էր պետք ստորագրել այդ պլանը, եթե նրան պետք էր ընդամենը դրա բովանդակության շուրջ տեւական գործընթացը, մինչեւ որ կնախապատրաստեր ռազմական հարվածը: Այդ գործընթացը զուգահեռ լեգիտիմացրել է Ադրբեջանի հարվածի իրավունքը, եւ եթե ապրիլյան քառօրյայում Բաքուն կարողանար հայկական բանակի դիմադրությունը կոտրել, ապա Մինսկի խմբի համանախագահ որեւէ պետություն նրանից դրա համար չէր պահանջելու պատասխան, եթե անգամ Ադրբեջանի զորքը հասներ մինչեւ Ստեփանակերտ:
Դրա պարզ վկայությունն է այն, որ համանախագահները եւ ռեգիոնալ անվտանգության գլխավոր պատասխանատու համարվող ու Հայաստանի դաշնակից դիտվող Ռուսաստանը քառօրյա պատերազմի առաջին օրերին գերազանցապես հետեւում էին, թե ինչ է անելու Ադրբեջանը եւ ինչ կարող է պատասխանել Հայաստանը:
Երբ պարզ դարձավ, որ Բաքուն ի զորու չէ առնվազն արագ էական հաջողության, ու պատերազմը կրելու է երկարատեւ ու դաժան բնույթ, որովհետեւ հայկական զինուժը ոչ միայն դիմադրեց, այլ անցավ հակագրոհի, տեղի ունեցավ հրադադարի միջնորդությունը, որովհետեւ երկարատեւ պատերազմը չի բխում որեւէ մեկի շահից, հատկապես Ռուսաստանի:
Բարեբախտաբար Ադրբեջանը մերժել է Կազանի պլանը, որովհետեւ եթե Բաքուն «համբերատար» լիներ ու անցներ իր պատերազմի իրավունքի լեգիտիմացման մյուս փուլին՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքին, ապա լեգիտիմությունն այդ փուլում ապահովելու դեպքում բացառված չէ անգամ, որ ստանար Արցախին ավելի հուժկու հարվածի իրավունք, ինչին դիմակայելը կպահանջեր ավելի մեծ ջանք եւ կբերեր ավելի մեծ կորուստ:
Շավարշ Քոչարյանը Կազանի գործընթացի էլ ի՞նչ հաջող ընթացքի մասին է խոսում, որից հետո պետք է միանար Արցախը: Կազանը, բարեբախտաբար, թե դժբախտաբար, ավարտվել է Հայաստանի կամ հայկական կողմի համար թերեւս առավելագույն բարեհաջողությամբ, թեեւ այստեղ խոսքը կարող է լինել միայն չարյաց փոքրագույնի մասին, քանի որ մենք ունեցել ենք հարյուրից ավելի զինվորի կորուստ եւ դիրքային կորուստներ:
Կազանը պարզապես կարող էր ավարտվել ավելի ծանր հետեւանքով, փոքր ինչ ուշ, բայց ավելի ծանր:
Բայց հետեւանքը լինելու էր անխուսափելի, ինչի մասին տողերիս հեղինակն ու մի քանի փորձագետներ զգուշացնում էին դեռեւս այդ գործընթացին զուգահեռ, որովհետեւ դրա սկզբունքային հիմքը արդեն իսկ լեգիտիմացնում էր Ադրբեջանի դիրքորոշումը, տալիս նրան «պատերազմի իրավունքը»: Դա հետեւանքն է «շուստրիության», որ տարիներ շարունակ ներկայացվել է իբրեւ դիվանագիտություն եւ պետական քաղաքականություն՝ այո ասել գրեթե ամեն ինչին, հույսով, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն պայմանավորվի, կամ Իրանը թույլ չի տա, կամ Ադրբեջանը չի համաձայնի եւ կպահանջի ամբողջը:
Բանակցային գործընթացի ամենասկզբից հայկական կողմը որդեգրել է մի սկզբունք, երբ բանակցության է գնում խնդրո առարկայի առնվազն մի մասի նկատմամբ Արբեջանի իրավունքը ճանաչած, այսինքն Ադրբեջանին արդեն իսկ առավելություն տված:
Փոխվեց այդ ամենի այսպես ասած մաթեմատիկական մեծությունը, սակայն դրա սկզբունքը չփոխվեց, ինչի հետեւանքն էլ այն էր, որ հայկական իշխանական «շուստրիությունը» տարիների ընթացքում հանգեցրեց Ադրբեջանի պատերազմի իրավունքի:
Հայկական դիվանագիտության փոխարեն «շուստրիության» տապալումը աղետի չվերածվեց միայն հայկական զինված ուժերի եւ հասարակական ահռելի աջակցության, կամ այլ կերպ ասած ինքնաբուխ ազգ-բանակի շնորհիվ, որ ձեւավորվեց քառօրյայում եւ արագորեն փոխեց առաջին երկու օրերի բավական բարդ իրավիճակը: Հայկական դիվանագիտության փոխարեն Ադրբեջանին ռազմա-քաղաքական փակուղի մտցրեց հայկական զինուժը:
Այժմ հրամայական է, որ «շուստրիությունից» դուրս բերվի հայկական դիվանագիտությունն ու ձեւավորվի պետական սկզբունքային քաղաքականություն ու ռազմավարություն, որը կձեւավորի խաղաղության հայկական իրավունքը, կառուցվելով 2016-ի ապրիլյան քառօրյայում զինված ուժերի ձեւավորած նոր իրավիճակի վրա: Հայաստանում իշխանափոխության հեղափոխական գործընթացը դիվանագիտությանը տալիս է այդ շրջադարձի հնարավորությունը:
Միեւնույն ժամանակ, դրա մեծ հույսը տալիս է արտաքին գործերի նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի՝ փորձառու, հմուտ եւ արդյունավետ դիվանագետի նշանակումը: Նիկոլ Փաշինյանի Արցախ այցի ու հայտարարությունների, հետո պաշտպանության եւ արտաքին գործերի նոր նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի համատեղ այցը Նախիջեւանի սահման ու Արցախ, վկայում են, որ հայկական կողմում կա մանր-առեւտրական շուստրիությունից ռազմա-քաղաքական դիվանագիտության անցնելու տրամադրվածություն եւ ռեսուրս:
Ինչպիսին կլինի շարունակությունը, որը ադրբեջանական շանտաժը զսպելու եւ խաղաղության շարունակության գործակիցը բարձրացնելու գրեթե այլընտրանք չունեցող ճանապարհն է:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ