Այդ «նկարչին» նշանակել են նույն գործին, բա ինչի՞ չեք ասում

Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովը
Պարոն Շարմազանով, վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես ակցիաները, գործադուլները և այլն, հուշո՞ւմ են նախկին իշխանություններին իրենց սխալները։
Մենք՝ նախկին իշխանություններս, Հայաստանում բոլոր թերություններով հանդերձ, կառուցել ենք ժողովրդավարական համակարգ, որտեղ դատական, օրենսդիր ու գործադիր իշխանություններն ունեցել են հստակ տարանջատում։ Ես թե որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, թե որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, թե ԱԺ նախագահի տեղակալ ու պատգամավոր, երբեք իրավական խնդիրներին գնահատականներ չեմ տվել։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում երբևէ որևէ մեկը չի գտնի մի դեպք, որտեղ ես դատարանի որոշումներին տվել եմ գնահատական։ Դա դատական իշխանության մենաշնորհն է, և ես այստեղ որևէ գնահատական չեմ պատրաստվում հնչեցնել։
Այդուհանդերձ, քաղբանտարկյալներ ունենալու հարցում չե՞ք կարծում, որ նախկին իշխանությունները սխալներ թույլ են տվել։ Նրանցից ոմանք այսօր արդեն ազատության մեջ են։
Ես քաղաքական բանտարկյալ եզրույթի հետ համամիտ չեմ, առավելևս չկա որևէ միջազգային փորձագիտական գնահատական, որ Հայաստանում մեր իշխանության ժամանակաշրջանում եղել են քաղաքական բանտարկյալներ։ Եթե լիներ, դժվար թե ԵՄ-ն Հայաստանի հետ կնքեր նոյեմբերի 24-ի համաձայնագիրը։
Բայց մենք նաև տեսնում ենք, որ իշխանափոխությունից հետո խոսվում է քաղբանտարկյալների ազատության մեջ հայտնվելու մասին։
Կա նոր իշխանություն, կա նոր կառավարություն, մարդիկ ունեն իրենց տեսլականը և բոլորովին պարտադիր չէ, որ իրենց կարծիքն իմ կարծիքի հետ համընկնի։ Շատ խնդիրներ կան, որոնց հետ ես համամիտ չեմ, շատ խնդիրներ կան, որոնք քննադատել են, այսօր իրենք մեզնից ավելի ջերմեռանդ ջատագովներ են դարձել։ Եթե մոռացել եք հիշեցնեմ՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, Ռուսաստան, Բելառուս։ Եթե պետք է, կարող եմ մեջբերումներ անել, թե ինչ էին ասում մեկ տարի առաջ, ինչ էր ասում այսօրվա վարչապետը Սոչիում։ Ես չեմ ուզում սլաքներ ուղղել, բայց նույն լրատվամիջոցներին, անկախ փորձագետներին հարց եմ տալիս՝ էդ որ նույն բանն անում էր ՀՀԿ-ն, հարձակվում էիք ՀՀԿ-ի վրա, ասօր նույնն անում է այսօրվա իշխանությունը, բայց մի տեղ չլսեցի, որ ԵՏՄ անդամակցությունը սխալ էր։ Եթե այն ժամանակ սխալ էր, հիմա էլ ասեք՝ սխալ է։ Եթե ՀԱՊԿ-ը սպառնալիք էր, հիմա էլ ասեք՝ սպառնալիք է։ Եթե Ռուսաստանի՝ զենքի վաճառքը վատ էր, հիմա էլ ասեք՝ վատ է։ Եթե Բելառուսն ու Ղազախստանը թշնամական վերաբերմունք ունեն, հիմա էլ ասեք, որ այդ երկրները թշնամական վերաբերմունք են ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։ Բա ինչի՞ չեք ասում։ Ամենակարևորը՝ մեզ քննադատում եք, որ մենք նկարում ենք 7,5 տոկոս տնտեսական աճ։ Այդ «նկարչին» դուք նշանակել եք նույն գործին։
Այսինքն, արձանագրում ենք երկու կարևոր փաստ. ՀՀԿ-ն տվել է Փաշինյանին 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և տվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին լավագույնս դիմակայող երկիր, և այն, ինչ մենք էինք ասում, այսօր նույն բանը Փաշինյանն է ասում։ Սա է գլխավորը, մնացածը էմոցիոնալ ու էյֆորիկ ֆոն է։
Եթե մենք 7,5 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, արտաքին քաղաքականության մեջ էլ ճիշտ ենք վարվել, բա ո՞րն է խնդիրը։
Այս ամենից հետո, երբ համաժողովրդական ճնշման տակ իշխող ուժը զիջեց կառավարությունը, ՀՀԿ-ն վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը։
ՀՀԿ-ն միշտ էլ վերանայումներ կատարել է։ Հիմա ՀՀԿ-ի հարցերով մի զբաղվեք, ՀՀԿ-ն իր քաղաքական պատասխանատվությունը կրել է, հրաժարական է տվել Հանրապետականի ղեկավարը, այսօր կա նոր իշխանություն, երկրում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, և ակնկալիքները արդեն պետք է լինեն ոչ թե ՀՀԿ-ից, այլ նոր կառավարությունից։ Իսկ նոր կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, որը շատ բարձր նշաձող է դրել, Աստված տա կատարի։ Ասել են թռիչքային զարգացում, ներդրումներ, մարդկային երջանկություն, բազմակարծություն, սեր, համերաշխություն, մենաշնորհների վերացում, Ղարաբաղի հարցում նախաձեռնող քաղաքականություն, Ղարաբաղի վերադարձ բանակցություններին, վարկերի իջեցում, այս ամենը ժողովուրդը սպասում է։ Հիմա ով խոստացել է, նրան հարցը տվեք։
Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ՀՀԿ-ն կմասնակցի՞։ Ձեր կարծիքով՝ որքան ձայն կկարողանա հավաքել Հանրապետականը և առհասարակ կհաղթահարի՞ շեմը, թե ոչ։
Երբ կլինեն արտահերթ ընտրություններ, այն ժամանակ կտեսնենք՝ ՀՀԿ-ն մասնակցում է, թե չի մասնակցում, որքան ձայն է հավաքում կամ չի հավաքում։ Հիմա կարծում եմ՝ ավելի կարևոր խնդիրներ կան։ Ես չլսեցի, որ մի լուրջ պարբերական անդրադառնար նոր իշխանություններին, թե այդ ո՞նց եղավ, որ մեկ օրվա մեջ ԵՏՄ-ն դարձավ ամենաուժեղը, ամենալավը, այդ որոշումը եղավ ճիշտ, իսկ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը դարձան ձեր բարեկամը։ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին հարցրեք՝ իրենք շարունակո՞ւմ են համարել, որ ԵՏՄ-ն սխալ էր, որ դա մեր անվտանգությանը սպառնալիք էր։ Մենք ապահովել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ, հիմա Փաշինյանի կառավարությունը պետք է ապահովի առնվազն 7,6 տոկոս տնտեսական աճ։ Կապահովի՞ նման աճ, կծափահարենք, կխրախուսենք, կգովաբանենք, չի ապահովի՝ կքննադատենք շատ խիստ։ Թող ավելի մեծ տնտեսական աճ ապահովեն, թող չուզողն էլ ես լինեմ։
Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ դուք կարճաժամկետ չեք պատկերացնում այս կառավարության գործունեությունը, այլ կարծում եք, որ այն երկար է աշխատելու։
Ես ինձ համարում եմ դասական քաղաքական գործիչ, և իմ խոսքը ելնում է ոչ թե էյֆորիկ կամ ժողովրդահաճո զեղումներից, այլ սառը ռեալ պոլիտիկի հաշվարկից։ Եթե մարդն ընտրվել է վարչապետ, եթե մարդն իր ծրագիրը հաստատում է, բնականաբար, առնվազն մեկ տարի նույն Ազգային ժողովը վարչապետին անվստահության հարց չի կարող դնել։ Եթե մենք ցանկանայինք Փաշինյանի իշխանության տապալումը, մենք չէինք ընտրի նրան։ Եթե մենք ուրիշների նման մտածեինք միայն մեր կուսակցական ու անձնական շահի մասին, հրաժարական չէինք տա, կգնայինք առճակատման, մայիսի 1-ի նման մայիսի 8-ին էլ չէինք ընտրի վարչապետին։ Կամ մայիսի 8-ին կընտրեինք մեր ուզած վարչապետին։ Այդ 55 մարդը, որ մայիսի 1-ին դեմ քվեարկեց Փաշինյանին, կարող էր մայիսի 8-ին ուրիշին կողմ քվեարկել։ Այդ ողջ վարքագիծը ՀՀԿ-ի պետականամետության վարքագիծն է։ Այսօր էյֆորիայի մեջ որոշ մարդիկ չեն տեսնում, որոշները չեն ուզում տեսնել, բայց ժամանակը բոլորին ու ամեն ինչը իր տեղն է դնելու։ Առնվազն ՀՀԿ-ն ցույց տվեց, որ երկրի կայունությունը, ժողովրդի համերաշխությունը մեզ համար գերնպատակ է։ Թող ապագա իշխանություններից ամեն մեկը ՀՀԿ-ի կեսի չափ ունենա պետական մտածողություն, և կարողանա իր մի մասը զիջել, որ կարողանա պաշտպանել ժողովրդի ու պետության ամբողջականությունն ու կայունությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ