Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը. Առաջին ծիծեռնակները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվելուց հետո առաջին այցը կատարել է Արցախ, որտեղ մի քանի կարեւոր հայտարարություն է արել: Առաջինն այն է, որ Հայաստանը մտադիր է բանակցություններում պաշտպանել անվտանգությունը ստանձնած պարտավորությունների շրջանակում, իսկ Արցախը պետք է իր անունից խոսի: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Բաքուն եւ Անկարան երկու հայտարարություններին էլ նյարդային են արձագանքել: Իսկ Հայաստանի նախկին նախագահներն անսպասելի վեճի մեջ են մտել միմյանց հետ, թե ով է մեղավոր Արցախը բանակցություններից դուրս թողնելու համար: Երեւան է եկել նաեւ Ռուսաստանի նախագահի՝ ղարաբաղյան կարգավորման հարցով առաջին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը, ով հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում Վլադիմիր Կազիմիրովը հայտարարել է, որ երբ բանակցություններն ընթանում էին Ռուսաստանի միջնորդությամբ, ձեւաչափը եռակողմ էր, իսկ Արեւմուտքը երկկողմ ձեւաչափի կողմնակից է:
Ինչու՞ է Ռուսաստանը Հայաստան գործուղել փորձառու դիվանագետ Կազիմիրովին: Մոսկվան կփորձի՞ վերադարձնել ղարաբաղյան կարգավորման միջնորդությունը՝ Հայաստանին «խոստանալով» վերականգնել եռակողմ ձեւաչափը: Սոչիում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն այդ հարցը քննարկվե՞լ է:
Նիկոլ Փաշինյանն իր երկրորդ այցը կատարել է Ռուսաստան, որտեղ ծանոթացել է եվրասիական երկրների նախագահներին եւ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը արտաքին քաղաքական ուղուն: Նա նաեւ հայտարարել է, որ ոչ մի ճնշում Հայաստանին չի ստիպի դադարեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ըստ երեւույթին, Փաշինյանը նկատի ունի ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ: Ավելին, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրությամբ հետեւել է մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցած շքերթին, որտեղ ցուցադրվել են նոր ռազմական մշակումները: Դա գնահատվել է որպես Հայաստանի հետաքրքրվածություն ռուսական ռազմավարական սպառազինության հանդեպ:
Երրորդ այցը, հավանաբար, Բրյուսել կլինի: Լրատվամիջոցները հայտում են, որ մայիսի 16-ին Փաշինյանին հրավիրել են Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստին: Թերթերը գրում են, որ չնայած Փաշինյանը չի գնացել, հանձնաժողովն ընդունել է Եվրահանձնաժողովի խորհուրդը՝ դրական գնահատելով առաջընթացը Հայաստանում եւ կոչ անելով ավելացնել ֆինանսական աջակցությունը եւ բանակցություններ սկսել վիզային ռեժիմի պարզեցման համար:
Երրորդ այցը, սակայն, ամենայն հավանականությամբ Վրաստան կլինի: Արդեն հայտարարվել է, որ մայիսի 26-ին Հայաստանի ղեկավարությունը մասնակցելու է Վրաստանում Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին: Հավանաբար, մայիսի 28-ին վրացի պաշտոնյաները պատասխան այցով կգան Հայաստան մասնակցելու Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին:
Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել ԱՄՆ ու Իրանի նախագահներից, շատ այլ առաջնորդներից: ԱՄՆ-ն նաեւ նշել է Հայաստանի հետ համագործակցության վեկտորները:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի հետ: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի եւ Հայաստանի ու ԱՄՆ միջեւ առեւտրի ու ներդրումային խորհրդի գործունեությունը:
Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փոխանցել է ԱՄՆ կառավարության ուղերձը Հայաստանին՝ դրված նպատակներին հասնելու գործում Հայաստանին օգնելու վերաբերյալ: «ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունն ու հնարավոր օժանդակությունը», — նշել է Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը դաշնակիցների հետ՝ զուգահեռ ընդլայնելով գործընկերային հարաբերություններն այլ երկրների հետ: Ֆիթչ գործակալությունն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջազգային ֆինանսական հաստատությունների եւ գործընկերների տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը, հավանաբար, կշարունակի հասանելի մնալ Հայաստանի համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ