Նիկոլ Փաշինյանը ժամանակ տվեց ՀՀԿ-ին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կապ չունի կազմակերպվող բողոքի ակցիաների հետ, որ տեղի են ունենում արդեն մի քանի օր, այդ թվում փողոցները փակելով: Կառավարությանը պահանջներ են ներկայացնում Նաիրիտի աշխատակիցները, տաքսիստները, Սասնա Ծռերի կողմնակիցները, այլ սոցիալական խմբերի ներկայացուցիչներ, պահանջելով իրենց խնդիրների լուծում:
Ինքնին պահանջները ոչ միայն խնդիր չեն, այլ իրավունք, բայց խնդիրն այն է, որ դրանք ներկայացվում են՝ փակելով փողոցներ եւ ստեղծելով կառավարելիության խնդիր, նաեւ սաբոտաժի հնարավորություն այն ուժերի համար, որոնք շահագրգռված են նոր կառավարության ձախողումով: Իսկ այդպիսի ուժերը անկասկած քիչ չեն:
ՀՀԿ փոխնախագահը հայտարարում է, որ իրենց կուսակցությունն այդ ուժերից չէ եւ ՀՀԿ-ն չի կազմակերպում որեւէ բողոքի ցույց: Ավելին, ՀՀԿ այլ ներկայացուցիչներ էլ հավաստիացնում են, որ չեն ցանկանում կառավարության ձախողում եւ դա համարում են պետության վտանգ:
Լիովին համարժեք եւ պատասխանատու հռետորաբանություն է, որի հանդեպ սակայն հանրության տարբեր շերտեր անկասկած թերահավատ կլինեն: Թերահավատ է նաեւ օրինակ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հանդես էր եկել հայտարարությամբ եւ կոչ արել այդօրինակ ակցիաներով ջուր չլցնել հակահեղափոխության ջրաղացին, որ կցանկանա պտտել նախորդ իշխանությունը: Արմեն Աշոտյանը փաստորեն պատասխանում է Տեր-Պետրոսյանին, ասելով, որ նախորդ իշխանությունը չունի այդպիսի մտադրություն եւ չի անում այդպիսի բան:
Այդ հավաստիացումը կարող է լինել իրականությանը շատ մոտ, շատ ավելի մոտ, քան հնարավոր է սպասել ՀՀԿ-ից, հաշվի առնելով այդ կուսակցության կառավարման տարիները: Համենայն դեպս, եթե Հանրապետականը սթափ է գնահատում իրավիճակն ու քաղաքական պահը՝ թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ առումով, ապա պետք է որ բավական արագ գա եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողությունն իրապես բխում է նաեւ իր շահից:
Եթե այդ առումով անգամ Սերժ Սարգսյանի հրաժեշտի խոսքն ու հայտնի արտահայտությունը չէր ասել ոչինչ, ապա մայիսի 14-ին Պուտինի կրկնակի շնորհավորանքը եւ դրանից հետո ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձը գոնե ՀՀԿ համար չէր կարող ոչինչ չասել:
Այլ հարց է, որ առայժմ պարզ չէ, թե ինչ ասել է ՀՀԿ՝ թավշյա հեղափոխությունից հետո: Ըստ այդմ, երբ հայտարարվում է, որ ՀՀԿ-ն բողոքի ակցիա չի կազմակերպում, դա իհարկե չի կարող նշանակել, որ այդ ակցիաներից որոշների հետեւում չեն կարող լինել ՀՀԿ առանձին թեւեր: Միեւնույն ժամանակ, իշխող համակարգ ասվածը Հայաստանում եղել է բավական լայն հասկացություն, եւ ներկայում նոր եւ հին իշխանության սահմանը ամենեւին չի նշանակում նոր ու հին համակարգերի սահման: Այդ սահմանը ներկայում բավականաչափ լղոզված է եւ ըստ այդմ նա, ով հեղափոխությանն օգնում է, նա էլ կարող է հեղափոխությանը խանգարել:
Առավել եւս, որ ներկայում տեղի ունեցող բողոքի ակցիաները գրեթե նույնությամբ տեղի էին ունենում նաեւ ՀՀԿ կառավարությունների դիմաց, տարբեր «հերթափոխով»:
Բանն այն չէ, որ ՀՀԿ-ն չի ուզում վերգտնել իշխանությունը: Հարցն այն է, որ ՀՀԿ-ն չի կարող դա անել ու թերեւս հասկացել է, որ խնդիրն այլեւս միայն Հայաստանի հանրության հետ չէ, այլ միջազգային հանրության ընդհանրապես: ՀՀԿ-ն ուզում է գտնել իր տեղը հայաստանյան ներքաղաքական ու ներտնտեսական նոր կոնֆիգուրացիայում, եւ այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հանրապետականի համար այլեւս խորքային առումով դիտարկվում է թերեւս իբրեւ միջնորդ աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Պուտինից ու Թրամփից հետո Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստանում նաեւ Հասան Ռոհանիից, որի հետ մինչ այդ հեռախոսազրույց էր ունեցել մայիսի 13-ին:
Պե՞տք են ՀՀԿ-ին նոր իրավիճակում ավելորդ խնդիրները թե Հայաստանի հանրության, թե միջազգային հանրության հետ: Թե՞ որեւէ այլ մեկն է փորձում ստեղծել այդ խնդիրները, մեկ հարվածով փորձելով խոցել երկու թիրախ՝ ազդել նոր կառավարության արդյունավետության վրա, իսկ պատասխանատվությունն էլ թողնել ՀՀԿ վրա եւ առավել բարդացնել կուսակցության հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանն այդ տեսանկյունից մայիսի 17-ին ՀՀԿ-ին տվեց իրավիճակը պարզելու ժամանակ եւ տարածություն, նախ հայտարարելով, որ սաբոտաժ չկա, հետո կոչ անելով քաղաքացիներին դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները մայիսի 17-ի ժամը 15-ից հետո:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ