ՀՀԿ-ն դիմադրելու է. Հիմնական խաղաքարտը

Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը
Պարոն Մարգարյան, hաստատվել է նոր կառավարության կազմը։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք իշխանությանը խորհրդարանում մեծամասնություն կազմող ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության հետ կկարողանա՞ աշխատել, թե ՀՀԿ-ն կփորձի խոչընդոտել։
Կառավարության նոր կազմը երեք հիմնական վեկտոր ունի` 1. Պահել անվտանգության և արտաքին քաղաքականության այն համակարգը, որ գոյություն ուներ մինչ այժմ, 2. Կապիտալիզացնել շարժման ռեսուրսը՝ մասնավորապես ադմինիստրատիվ պաշտոնների նշանակելով Փաշինյանի այն կողմնակիցներին, ովքեր ակտիվ ներգրավված են եղել գործընթացում, 3. Փորձել ՀՀԿ խմբակցության դեմ սպասվող խորհրդարանական մենամարտերից առաջ գտնել գործընկերներ այլ քաղաքական ուժերում՝ Ծառուկյան դաշինքում, ՀՅԴ-ում, ինչպես նաև ԵԼՔ դաշինքում, որի հետ Փաշինյանի հարաբերությունները գործընթացից առաջ և ընթացքում այդքան էլ հարթ չէին: Բնականաբար, այս երեք ուղղություններով էլ նշանակումներն արվում են՝ հաշվի առնելով նաև հանրային ընկալումներն ու տրամադրությունները՝ խուսափելով սկանդալներում հայտնված, օդիոզ համբավ ունեցող դեմքերից:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությանը: Բնականաբար, ՀՀԿ-ն դիմադրելու է այնքան, որքան հնարավոր կլինի: Հիմնական խաղաքարտն այս պահին ժամանակն է՝ ձգձգել ժամանակը հնարավորինս վերականգնվելու, ընտրություններին ու նոր դերակատարմանը պատրաստվելու համար. սա պլան մինիմումն է: Պլան մաքսիմումի խաղադրույքը արվում է այն ենթադրության վրա, որ արդեն վարչապետի պաշտոնում Փաշինյանը չի կարողանալու բավարարել հասարակության սպասելիքները և ըստ այդմ՝ ՀՀԿ-ն առնվազն շանս կունենա Փաշինյանի վարկանիշի անկման պայմաններում որոշակի ռեինկարնացիա ապրել, բնականաբար, հնարավորության դեպքում դիտարկելով նաև իշխանությունը հետ վերցնելու տարբերակը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն դիմադրելու է այնքանով, որքանով: Շատ դիմադրել կնշանակի նորից հայտնվել հասարակական պրեսինգի տակ, ինչպես նաև դրդել Փաշինյանին կիրառել սուպերվարչապետական գործիքակազմը, ինչը որևէ մեկի, այդ թվում՝ նախ ՀՀԿ-ի համար որևէ լավ բան չի խոստանում: Մյուս կողմից, բնականաբար, փորձելու են քննադատել ու թերություններ փնտրել, ինչպես օրինակ տեսանք ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դեպքում:
Տեսակետ կա, որ արտահերթ ընտրությունները կարող էին դառնալ քաղաքական ճգնաժամի հաղթահարման ռացիոնալ տարբերակը։ Քաղաքական ուժերը, ըստ Ձեզ, որքանո՞վ են շահագրգիռ հնարավորիս շուտ անցկացնել արտահերթ ընտրություններ։
Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրությունները, բնականաբար, թվացյալ միակ լուծումն են՝ նոր ուժային հարաբերակցությունը արձանագրելու ու համակարգի փոփոխությունը բնականոն հունի վրա դնելու համար: Բայց արտահերթ ընտրությունն ինքնին հեշտ ու միանշանակ բան չէ: Նախ՝ պարզ է, որ քննարկվող արտահերթ ընտրությունները չեն կարող լինել գործող ընտրական օրենսգրքով, պետք են ԸՕ փոփոխություններն, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բավական ձանձրալի գործընթաց է: Երկրորդ, ընտրություններն ինքնին չեն լուծում քաղաքական ճգնաժամը, դա գործիքակազմերից մեկն է: Ճգնաժամը վերջնական հանգուցալուծվում է, երբ հեղափոխությունը, գալով իշխանության, կարողանում է կապիտալիզացնել իր ռեսուրսն ու ռեալ փոփոխությունների ներուժ է ներկայացնում: Այս իմաստով, ակնհայտ է, որ ոչ միայն ընտրությունների չեն շտապում խորհրդարանական մյուս ուժերը, ընտրությունների չի շտապում նաև Փաշինյանը: Այժմ նա փորձում է ձևավորել կաբինետ, հասկանալ իր քաղաքական թիմի շրջանակները, գտնել ոլորտային պրոֆեսիոնալներ: Պատկերացնենք մի իրավիճակ՝ ԸՕ-ն փոխվեց, Փաշինյանի թիմը հաղթեց, եկավ իշխանության, բայց չունեցավ այնպիսի ռեսուրս, որպեսզի կարողանա բավարարել ահռելի սպասելիքները, ինչ պետք է տեղի ունենա հետո՝ նորից ընտրություն ու նորից հեղափոխական իրավիճակ: Այսինքն՝ ընտրությունները փոփոխված օրենսգրքով կենսական, բայց ոչ բավարար միջոց են՝ պետք է այս փուլում կապիտալիզացնել առկա ռեսուրսը, ինչն էլ Փաշինյանն, ըստ էության անում է:
Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն ողջամիտ ժամկետը, որ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ և որի ուշացումը կարող է խնդիր դառնալ հետագայում Նիկոլ Փաշինյանի համար։
Կարծում եմ՝ ողջամիտ ժամկետների շուրջ կարող են մասնագիտական կարծիք հայտնել սահմանադրական իրավունքի մասնագետները: Քաղաքագիտական իմաստով ողջամիտ ժամկետ ձևակերպումը հեղհեղուկ է: Ավելին՝ արտահերթ ընտրությունների շտապ անցկացումը այս պահին կարող է խնդիր լինել Փաշինյանի համար: Խնդիր ոչ թե ընտրության իմաստով, որը նա բնականաբար կհաղթի, այլ խնդիր հետագա կառավարման, երբ ադմինիստրատիվ թիմի սահմանները վերջնականապես ընդգծված չեն և անընդհատ թարմացվելու են, երբ դեռևս հստակ քաղաքական ու տնտեսական ծրագիր չկա: Անցումային այս իրավիճակը Փաշինյանին հնարավորություն է տալիս զբաղվել այնպիսի հարցերով, որոնք արդեն մշտական կառավարության դեպքում կարող էին իսկական գլխացավանք դառնալ:
Այս իմաստով, կարծում եմ, ողջամիտ ժամկետը պետք է լինի այն ժամկետը, երբ ընտրական օրենսգիրքը կփոփոխվի և հեղափոխության քաղաքական ռեսուրսն ամբողջովին պատրաստ կլինի ոչ միայն հաղթել այդ ընտրություններում, ինչը բնական է, այլև լիարժեք ստանձնել երկրի կառավարումը՝ թիմ-ծրագիր տրամաբության շրջանակներում: Անցումային փուլը ռեսուրսների մոբիլիզացիայի և զտման, փորձի ձեռքբերման, թիմի կազմի հստակեցման ու ծրագրային ներքին բանավեճերի շրջանն է:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ