Պուտինի ուշագրավ հյուրը. ինչ է փոխանցվել Նիկոլ Փաշինյանին

Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթին, հետո այլ արարողությունների մասնակցել է նաեւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, որը եղել է ՌԴ նախագահ Պուտինի հյուրը:
Այդ մասնակցությունն առավել ուշագրավ է դառնում մայիսի 9-ի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման ֆոնին: Նա հայտարարեց, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որ հայտնի «վեցյակը» կնքել է, երբ ԱՄՆ նախագահ էր Բարակ Օբաման:
Բրյուսելը, Փարիզը, Բեռլինը, Մոսկվան չեն հետեւում ԱՄՆ օրինակին:
Թրամփի որոշումը արդեն իսկ արժանացել է միջազգային բացասական գնահատականների: Այդ առումով ԱՄՆ նախագահը դրսեւորում է բավական հակասական պատկեր՝ մի կողմից նա խաղաղ հանգուցալուծման է տանում կորեական ճգնաժամը, մյուս կողմից սրում է կամ ճգնաժամ է վերստեղծում Իրանի շուրջ:
Միեւնույն ժամանակ, այդ հարցում թերեւս առանցքային է Իսրայելի դերակատարումը, եւ չի բացառվում, որ Թրամփի որոշումը կայացվել է իսրայելական ջանքի արդյունքում, եւ դրա գլխավոր ուղղակի շահառուն Իսրայելն է, իսկ ԱՄՆ-ն այնքանով, որքանով Իսրայելը դաշնակից է:
Թրամփի որոշումից ժամեր անց Կարմիր հրապարակում ռազմական շքերթին Պուտինի հյուրը Իսրայելի վարչապետ Նաթանյահուն է: Իսկ նախօրեին էլ Սիրիայում կործանվեց ռուսական ռազմական ուղղաթիռ, դառնալով զոհերի պատճառ: Ըստ տեղեկության, ուղղաթիռը խոցել էին ԻԼԻՊ գրոհայինները:
Սիրիայում ռուսական օդուժի այդ կորուստները վերջին ամիսներին դարձել են պարբերական, այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախորդ տարի Պուտին-Թրամփ համատեղ հայտարարությունից հետո որոշեց դուրս բերել զորքի հիմնական մասը Սիրիայից:
Ինչ որ մեկին թերեւս դա դուր չի եկել, եւ համառորեն փորձում է Ռուսաստանին «հետ տանել» Սիրիա, ավելի աշխույժ ռազմական ներգրավվածությամբ:
Որտե՞ղ է Իսրայելը այդ հարցում՝ Ռուսաստանին «հետ տանողների՞», թե՞ «հետ գնալուց» Ռուսաստանին հետ պահողների շարքում:
Հավանական է երկրորդը, քանի որ Ռուսաստանի հեռանալուց հետո Սիրիայում աշխուժացել է ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Իսրայելը, որը սկսել է ավելի ու ավելի հաճախ ռազմական հարվածներ հասցնել սիրիական ու նաեւ Սիրիայում իրանական դիրքերին:
Ինչու՞ Պուտինը նախորդ տարի Թրամփի հետ համատեղ հայտարարությունից հետո էապես նվազեցրեց Սիրիայում ռազմական ներկայության ծավալն ու հայտարարեց ռազմարշավն ավարտելու մասին: Արդյոք նա դուրս եկավ, որպեսզի հետո Իրանն ու Ասադը «խնդրեն» վերադառնալ:
Սիրիայում իրավիճակը չափազանց բարդ ու բազմաշերտ է, գնահատականները եւ սցենարային դիտարկումները տարբեր, եւ չափազանց բարդ է կողմնորոշվել, թե ի վերջո որն է առավել մոտ իրականությանը:
Առանցքային հարցը իհարկե այն է, թե արդյոք ԱՄՆ կայացրած որոշման հաջորդ փուլը կլինի Իրանի դեմ որեւէ ռազմական քայլ, թե՞ փորձ է արվում Թեհրանին սեղմել այնքան, որ գնա նոր պայմաններով գործարքի ու նաեւ թուլանա Մերձավոր Արեւելքում:
Թրամփը Հյուսիսային Կորեայի հանդեպ բավական ագրեսիվ հռետորաբանությունից հետո փաստորեն հասավ նրան, որ սկսվեց բանակցությունը Հարավային Կորեայի հետ: Արդյոք հնարավոր է այդ մեթոդը Իրանի պարագայում:
Իրանը չափազանց կոշտ է արձագանքել ԱՄՆ որոշմանը, բայց ի՞նչ վիճակ է իրանական հոգեւոր եւ աշխարհիկ վերնախավերի ներսում եւ ինչպիսին է լինելու իրավիճակը, եթե ԱՄՆ կիրառի պատժամիջոցներ, որոնք անկասկած կհարվածեն Իրանի տնտեսությանը:
Այդ ամենը անշուշտ պարտադիր դիտարկման է ենթակա Հայաստանից, առավել եւս եթե հիշենք, որ Իսրայելը Մերձավոր Արեւելքում Իրանի ներկայության հետ կապված մտահոգությունը հայտնել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանին: Ի՞նչ կապ ուներ այդտեղ Հայաստանը, պարզ չէ, սակայն դրանից հետո Իրանի արտգործնախարարության խոսնակն էր դիմել Հայաստանին. «Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին ավելի մեծ վերահասությամբ ուշադրություն դարձնել սիոնիստական վարչակարգի գործելաոճին Կովկասում և Կենտրոնական Ասիայում»:
Հայաստանում ձեւավորվում է նոր գործադիր իշխանություն, սակայն անկասկած է, որ կան խնդիրներ, որոնք հաշվի չեն առնում նորն ու հինը եւ պարտադրում են իրենցը: Իրանի շուրջ զարգացումները դրանցից են: Պարունակու՞մ են արդյոք դրանք Հայաստանի համար նոր ռիսկեր, թե՞ դա Երեւանի խաղը չէ, եւ խնդիրը բոլոր կողմերից հավասար հեռավորություն պահելն է: Այստեղ շատ էական է, թե ինչպես է պահել այդ հարցում իրեն Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ ինչ է «փոխանցել» Նիկոլ Փաշինյանին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ