Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է ստանձնել այդ 3 կետերի համար

Մեր զրուցակիցն է ինժեներ Վահագն Մինասյանը
Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ է: Արդյոք հիմա չի գալիս ավելի բարդ փուլ: Նկատի ունեմ Ընտրական օրենսգիրքը փոխելը, կուսակցությունների և սեփականության մասին օրենքների խնդիրը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում գրեթե բոլոր ոլորտներում ճգնաժամ է՝ կոռուպցիայի, սեփական կապիտալի և պետության սերտաճման, քաղաքացուն կամարտահայտման իրավունքից զրկելու, անկախ դատարանների բացակայության, չափազանց վատ կառավարման, ուրիշ պետությունների և սեփական շահը սպասարկելու հետևանքով, անկախ նրանից, թե ով կլիներ վարչապետ, չափազանց բարդ և պատասխանատու փուլում կհայտնվեր՝ վերջին շաբաթներին ՀՀ-ում քաղաքացիների պահանջատիրական դրսևորումից հետո։ Սակայն հարկ եմ համարում նշել նաև, որ մենք՝ քաղաքացիներս, ովքեր պատվիրակել ենք Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ՝ ևս պատասխանատու ենք հետագա ընթացքի համար։
Հնարավորություն միշտ էլ կա, քչերն էին հավատում, որ կարելի է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին և ՀՀԿ-ից նոր վարչապետի թեկնածու չառաջադրելուն, կամ թեկուզ հանրության պատվիրակի օգտին քվեարկելուն վարչապետի ընտրություններին։ Բավարար ցանկության և քաղաքական կամքի պարագայում հնարավոր է շտկել ամեն բան։
Հայաստանի վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, սակայն ՀՀԿ-ն կարծես պահպանում է մեծամասնությունը ԱԺ-ում: Զարգացումների ի՞նչ սցենար կարող է գործել նման պայմաններում, երբ փոքրամասնության ներկայացուցիչը իշխանություն է, իսկ մեծամասնությունը՝ ընդդիմություն: Որքանով է հնարավոր, որ ՀՀԿ-ն կկարողանա ռևանշի հասնել եթե ոչ հիմա, ապա մեկ տարի անց:
ՀՀԿ-ն արդեն մայիսի մեկից անցել է պատմության գիրկը որպես «քաղաքական» միավոր։ Այն կուռ լինել չի կարող, ինչի վառ ապացույցը հենց մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրություններն էին, որի ժամանակ ՀՀԿ-ական մեկ պատգամավոր կողմ քվեարկեց հանրության պատվիրակ Նիկոլ Փաշինյանին, իսկ մայիսի 8-ին արդեն 10+1 ձայների փոխարեն այդ «կուռ» կառույցից 12+1 կողմ քվեարկող եղավ։
Իհարկե, փորձելու են վերադասավորվել, հավաքել ուժերը, փորձեն հանրության աչքերին թոզ փչել կամ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը փորձեն նվազեցնել՝ ժամանակ ձգելով, բայց դա ընդամենը այդ խմբավորման երազանքներն են, որովհետև շատ մոտ ապագայում ՀՀ անկախ և արդար դատարանը օբյեկտիվ քննություն կանցկացնի բոլորի գործերով և համապատասխան պատիժները կսահմանի անխտիր բոլորի համար՝ լինի հիմա, մեկ տարի, թե 5 արի անց։
Ինչ վերաբերում է այն բանին, որ «փոքրամասնության» ներկայացուցիչն է կառավարման ղեկին, հստակ պետք է նշել, որ թյուրըմբռնում կա։ Փոքրամասնությունը ՀՀԿ-ն է, հենց այն 55-56 հոգին, որ ԱԺ-ում նստած փորձում են ինչ որ կերպ պահել իրենց շողքը գոնե, իսկ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մեծամասնության պատվիրակն ու ներկայացուցիչն է և պատվով պատասխանատվություն է վերցրել ծառայել հանրությանը, Հայաստանի Հանրապետությանը։
Ինչպես եք տեսնում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե ՀՀԿ-ն որոշի չգնալ արտահերթ ընտրությունների: Կա՞ն լուծումներ այդ պայմաններում:
Այդ պարագայում լուծումներն իհարկե մասնագետներն ավելի ճիշտ կմատնանշեն։ Մի բան հստակ է՝ ՀՀ քաղաքացին այլևս պատասխանատվություն է վերցրել վերահսկել պետական կառավարման ապարատն ամբողջությամբ և յուրաքանչյուր պաշտոնյային անհատապես։ Վերջինիս առավել ամրապնդման համար են հենց պարտադիր այն օրենսդրական փոփոխությունները, որոնց մասին տևական ժամանակ է խոսում են բազմաթիվ քաղաքացիներ և որոնք հանձն են առել իրականացնել Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ թիմը։
Կա տեսակետ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որը հիմա պիկի վրա է, ժամանակի ընթացքում նվազելու է և չի բացառվում, որ մինչև հաջորդ արտահերթ կամ հերթական ընտրություններ նրան չհաջողվի մեծամասնություն ստանալ ԱԺ-ում և կառավարություն ձևավորել:
Ես բացառում եմ այդ տարբերակը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ շատ լավ հասկանում է իր իսկ ցանկությամբ վերցրած պատասխանատվության լրջությունը, և վստահություն ունեմ, որ պատվով կրելու է այդ պատասխանատվությունը, ասել է թե վարկանիշի էական նվազում չի լինելու և բնականաբար ԱԺ արտահերթ ընտրություններին մեծամասնություն է կազմելու, հուսամ ՔՊ կուսակցության կազմով միայն։
Մյուս կողմից, եթե բրենդային ժիլետով ու խնամված տղան իբր թե կարողացավ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնել, Փաշինյանի վարկանիշն անհնար կլինի գցել, եթե անձամբ ինքը չկամենա։
Որոնք պետք է լինեն Փաշինյանի առաջին քայլերը վարչապետի պաշտոնում: Նա կկարողանա՞ արդարացնել հասարակության ակնկսլիքները:
Փաշինյանի առաջին և ըստ էության ժամանակավոր կառավարության պարագայում ամենաէական քայլերի օրակարգի մասին արդեն տևական ժամանակ է խոսում են քաղաքացիները, և նա էլ պատասխանատվություն է վերցրել իրականացնելու դրանք։
Ընտրական օրենսգրքի փոփոխություն, կուսակցությունների մասին օրենք, դեկապիտալիզացիայի մասին օրենք, ժողովրդավարության ուղիղ իրականացման մեխանիզմների ներդրում։
Իհարկե, անչափ կարևորում եմ նաև անկախ դատական համակարգի ստեղծումը, որն իր հերթին հենասյունը կլինի պատասխանատվության ինստիտուտի նաև քաղաքական առումով։ Բնականաբար կան նաև շատ այլ կարևորագույն կետեր և խնդիրներ, որոնք լուծման հրատապ անհրաժեշտություն ունեն, բայց պետք է հաշվի առնենք, որ վերոնշյալ 3-4 կետերի իրականացման պարագայում միայն տեղի կունենա համակարգափոխությունը և այլևս կախված չի լինի անձերից։
Հանրության ակնկալիքները մեծ հաշվով միշտ են արդարանալու հետայսու, քանի որ հանրությունն այլևս ձևը գիտի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման արդյունքի պարտադրման։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ