Առանցքային հայտարարություն Եվրոպայից. ինչ է արել Սերժ Սարգսյանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձում նշում է, որ Հայաստանի Սահմանադրության բարեփոխումը սկսում է կյանքի կոչվել:
Յագլանդը արձանագրում է Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության առանցքային պահերից մեկը՝ Հայաստանում հաստատվում է Սահմանադրական կարգ, որը ներդաշնակ է լինելու երկրում հաստատվող իրականությանը: Խոշոր հաշվով, այդ ներդաշնակությունը սկզբունքորեն խախտվում էր Սերժ Սարգսյանի վարչապետությամբ, ինչի մասին առիթ եմ ունեցել գրելու մի շարք հոդվածներում:
Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի կարեւորագույն քայլերից մեկը, եթե ոչ ամենակարեւորը, Սահմանադրության վերափոխումն ու կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումն էր, որը Հայաստանի համար բացում է ժողովրդավարացման նոր փուլի լայն հնարավորություն: Բայց Սերժ Սարգսյանի համար գլխավոր շարժառիթը գուցե սեփական իշխանության նոր փուլի հնարավորությունն էր: Թյորբորն Յագլանդի ուղերձում կա ուշագրավ ակնարկ այն մասին, որ Սահմանադրության բարեփոխումը եղել է ԵԽ աջակցությամբ:
Սերժ Սարգսյանն ուղղակի թե անուղղակի փորձում էր այդ աջակցությունը դիտարկել ու ներկայացնել գուցե իբրեւ հենց սեփական իշխանությանը, այլ կերպ ասած սեփական վարչապետությանն աջակցություն: Եվրոպայի Խորհուրդը իր հերթին գուցե դեմ չի եղել, որ Սարգսյանը դիտարկի այն հենց այդպես, միայն թե իրականացնի Սահմանադրության վերափոխումը, որը Հայաստանում հետագա քաղաքական զարգացումների արդիականացման եւ ժողովրդավարացման հիմքերից մեկն էր լինելու, երբ Սերժ Սարգսյանը հեռանար:
Իսկ Սերժ Սարգսյանն ի վերջո չէր լինելու հավերժ վարչապետ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նա մահկանացու էր: Դրան բերելու էր աշխարհքաղաքական իրավիճակը, որն այդօրինակ համակարգերին աստիճանաբար բերում է «անկեղծության պահի» առաջ:
Հայաստանում այդ պահը պարզապես հասունացավ ավելի շուտ եւ ներքին նախաձեռնությամբ, հանրության քայլով: Այստեղ աշխարհքաղաքական համատեքստ չկար, բայց նայած թե ինչ ենք հասկանում համատեքստ ասելով: Եթե խոսքը տվյալ պարագայում աղբյուրի կամ սնուցման մասին է, ապա համատեքստ չկար, սակայն ինքնին այն, որ թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը բոլորովին չմիջամտեցին եւ չխանգարեցին Հայաստանում ծավալվող զարգացումներին, արդեն իսկ աշխարհքաղաքական համատեքստի վկայություն է, պարզապես պասիվ համատեքստի: Իսկ դա պայմանավորված է աշխարհքաղաքական լայն շրջանակում տեղի ունեցող զարգացումներով, որոնք առանցքային են դարձնում Հայաստանի որակապես վերափոխման անհրաժեշտությունը:
Հին Հայաստանը գործնականում խնդիր է թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի համար: Այդ խնդրից ազատվել հնարավոր է երկու տարբերակով՝ կամ ազատվել Հայաստանից ընդհանրապես, կամ Հայաստանի որակական վերափոխումը:
Այստեղ է առանցքային խնդիրը, եւ այդ խնդիրը հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը փաստացի լուծեց սցենարներից շահեկանով եւ ընդունելիով:
Այստեղ ահա, որպես հետագա զարգացումների կայուն տրանսֆորմացիայի եւ հեռահաղորդակցության միջոց, առանցքային է դառնում կառավարման մոդելը: Եթե կառավարման մոդելը չլիներ խորհրդարանական, ապա Հայաստանում գործնականում անհնար էր լինելու թավշյա հեղափոխությունը եւ առավել եւս դրա սահմանադրական տրանսֆորմացիան, որն իհարկե շարունակվող գործընթաց է, ոչ ավարտուն, սակայն ապահովում է զարգացումների հետագա կայունությունը:
Եվ այստեղ առանցքային դեր ունի նաեւ սուպերվարչապետական բնորոշված լիազորությունը, որը հնարավորություն է տալիս բալանսավորել ներկայիս անցումային փուլը եւ որը, արժանանալով Հայաստանում ընդդիմադիր ուժերի քննադատությանը, չի արժանացել եվրոպացի գործընկերների ընդդիմախոսությանը:
Դեռեւս Սերժ Սարգսյանի վարչապետությունից առաջ առիթ եմ ունեցել անդրադառնալու, որ սուպերվարչապետական մոդելը խնդիր է, երբ վարչապետն ունի խորհրդարանական մեծամասնություն, բայց մյուս կողմից իրավիճակը լիովին այլ է, երբ վարչապետը Սերժ Սարգսյանը չէ, որովհետեւ ցանկացած այլ վարչապետի դեպքում՝ լիներ այն Նիկոլ Փաշինյանը, թե նույնիսկ ՀՀԿ թեկնածու, վարչապետը չէր ունենալու դե յուրե կամ դե ֆակտո մեծամասնություն խորհրդարանում: Ավելին, դե ֆակտո այն չուներ նույնիսկ Սերժ Սարգսյանը, եւ նրա հրաժարականից հետո ՀՀԿ-ում ստեղծված վիճակը, երբ կուսակցությունը մի քանի ժամում փոխում էր մի քանի դիրքորոշում կամ որոշում, հենց դրա վկայությունն էր:
Այդպիսով, այն, ինչ հանրությունն ու ընդդիմությունը համարում էր խանգարող հանգամանք, փաստացի դարձել է լրիվ հակառակը՝ թավշյա հեղափոխության կարեւոր գործիքակազմ անցումային փուլը սահուն եւ բալանսավորված առաջ տանելու եւ կտրուկ ցնցումները հնարավորինս զսպելու համար:
Հայաստանն իսկապես սկսել է քայլել դեպի խորհրդարանական կառավարման մոդել: Այդ ճանապարհը ամենեւին դյուրին չի լինելու, սակայն ամեն հաջորդ քայլի լինելու է ակնհայտ, որ ելքը քաղաքական համաձայնությունն է, քան առճակատումը, որովհետեւ եթե անգամ քաղաքական համաձայնությունից բոլորը չէ, որ շահելու են, ապա քաղաքական առճակատումից տուժելու են բոլորը: Սա լռելյայն գլխավոր փոխզիջումն է, որ հայաստանյան նոր իրավիճակում ուշ թե շուտ մասնակիցներին բերելու է քաղաքական համաձայնության ճանապարհով առաջ գնալու կոնսենսուսի: Գործնականում հենց դա է խորքային առումով այն ազգային համաձայնությունն ու համերաշխությունը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, որը ամենեւին չի ենթադրում մրցակցության բացակայություն եւ քաղաքական ու հասարակական միատարրություն: Դա ենթադրում է համերաշխություն խաղի նոր կանոնների եւ քաղաքական մշակույթի շուրջ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ