Ռոբերտ Քոչարյանի վերջին ուղերձը. Սերժ Սարգսյանը ճիշտ էր

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Քոչարյանի ոչ պաշտոնական կայքին տված պարզաբանման մեջ հերքել էր մամուլի տեղեկությունները, թե այս օրերին Քոչարյանը ներգրավված է եղել թավշյա հեղափոխության դեմ իշխանական դիմադրություն կազմակերպելու գործերում կամ դրա համար մեկնել է Մոսկվա: Ոչ պաշտոնական կայքն իր հերթին ավելացրել էր, որ եթե Քոչարյանը մասնակից լիներ, Հայաստանում չէր լինի այդպիսի ճգնաժամ:
Ուղերձը բավական հստակ է, թեեւ երկրորդ նախագահն ինչպես իր հետնախագահական տասնամյակի ընթացքում, այս դեպքում էլ գերադասում է հրաժարվել քաղաքական հավակնությունների համար անմիջական պատասխանատվությունից:
Բայց դա չի քողարկում կամ ծածկում իշխող համակարգին ուղղված շատ հստակ ակնարկը եւ նույնիսկ գուցե մեղադրանքը, որ, եթե այդ համակարգը գլխավորեր ինքը, Հայաստանում չէր լինի որեւէ տեսակի հեղափոխություն ու ճգնաժամ:
Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը Սերժ Սարգսյանին հանձնելուց հետո պարբերաբար փորձում էր այն վերադարձնելու հարցում ստանալ համակարգի աջակցությունը: Այդ հարցում իրավիճակը մշտապես երկակի էր: Կասկած չկա, որ Քոչարյանը համակարգում ուներ որոշակի համակրանք: Մյուս կողմից, անգամ նրան համակրողները ավելի ու ավելի ձեռնպահ էին մնում նրան աջակցելուց, նրա հանդեպ վերաբերմունքը դրսեւորելուց, վստահ չլինելով, թե Քոչարյանը կկարողանա վերադարձնել իշխանությունը, եւ իրենք հետո ստիպված չեն լինի պատասխան տալ դիրքորոշման համար Սերժ Սարգսյանի առաջ:
Իսկ Քոչարյանն էլ սպասում էր, որ համակարգը կբացի իր վերադարձի ճանապարհը, իր հերթին չցանկանալով Սարգսյանի հետ դուրս գալ ուղիղ դիմակայության, միաժամանակ չունենալով նաեւ դրա հնարավորությունը մի շարք պատճառներով:
Ի վերջո, 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանը հասցրեց այսպես ասած վճռական հարվածը Քոչարյանին, պայմանավորվելով Գագիկ Ծառուկյանի հետ: 2017-ի ընտրությունից առաջ Քոչարյանը հայտարարեց, թե չի ցանկանում գործ ունենալ մի բանի հետ, որը կապ չունի քաղաքականության ու գաղափարախոսության հետ, այլ միայն փող է:
Իհարկե ավելորդ է մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ Քոչարյանի նախագահությունից չի անցել շատ ժամանակ, եւ հանրությունը թերեւս լավ է հիշում որքանով էր քաղաքական ու գաղափարական գործընթացը այդ շրջանում:
Հայաստանում թափ հավաքած եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասցրած թավշյա հեղափոխությունը չէր կարող չանհանգստացնել Ռոբերտ Քոչարյանին, օբյեկտիվորեն, որովհետեւ տեղի է ունենում անսպասելի, անակնկալ մի բան, Սերժ Սարգսյանը՝ երաշխավորը հեռանում է, եւ հայտնի չէ, թե ինչ է լինելու համակարգի հետ: Ընդ որում հեռանում է հրապարակելով առանցքային բառերը՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:
Համակարգը իր մեծամասնությամբ թերեւս բավական ուշ հասկացավ Սերժ Սարգսյանի այդ առանցքային հայտարարությունը, երբ պարզ դարձավ, որ խնդիրը միայն Սերժ Սարգսյանի հեռանալը չէ, եւ չեն կարող հույս ունենալ, որ ազատվել է նրա տեղը: Պարզ դարձավ, որ մի ամբողջ համակարգի տեղ է ազատվում, ավարտվում է մի ամբողջ ժամանակաշրջան:
Այդ տեսանկյունից էլ հնչում է Ռոբերտ Քոչարյանի հրաժեշտի ոչ պաշտոնական հայտարարությունը՝ եթե ես լինեի, այդպես չէր լինի, ճգնաժամ չէր լինի: Նկատելի է նրա մեղադրանքը համակարգին, որ այդպես էլ չօգնեց վերադառնալ, եւ հիմա ինքը համակարգն է կանգնած հեռանալու անխուսափելի իրողության առաջ:
Ինչ կասի իշխող համակարգը: Կասի՞՝ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք: Թե՞ կասի, որ ճիշտ էր Սերժ Սարգսյանը, եւ խոշոր հաշվով մենք սխալվեցինք, բայց միայն մայիսի 1-ի քվեարկությանը, որն ուղղելու պատմական պահ կա մայիսի 8-ին:
Գուցե Քոչարյանի պարագայում համակարգը չկանգներ ճգնաժամի կամ հեղափոխության իրողության առաջ: Քոչարյանը գուցե չվարաներ հենց սկզբից կիրառել ուժն ու կանխել ամեն ինչ, այսպես ասած խեղդել օրորոցում: Գուցե Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես բանտից էլ դուրս չգար, 2011-ին համաներում էլ չլիներ, Հայաստանում քաղաքացի էլ չլիներ:
Այդ դեպքում ճգնաժամ իսկապես չէր լինի, կլիներ աղետ: Ճգնաժամ խոշոր հաշվով այժմ էլ չկա, կամ, եթե կա, ապա այն ստեղծում է ոչ թե թավշյա հեղափոխությունը, այլ կարող է ստեղծել իշխող համակարգը՝ դիմադրության անիմաստ ու հակապետական փորձի դեպքում:
Բայց հենց դրանով էր նաեւ Սերժ Սարգսյանը ճիշտ՝ անիմաստ դիմադրության փորձից զերծ մնալու, պետականության ու ժամանակի հետ կռիվ տալու արկածախնդրության չգնալու հարցում:
Ներկայում գուցե պոպուլյար չէ խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանը կարող էր ճիշտ լինել: Խնդիրն այն է, որ դիմադրության դեպքում խոսքը չէր լինելու իշխանության, ուժայինների եւ քաղաքացիների դիմակայության մասին: Խոսքը վերաբերելու էր Հայաստանը ժամանակի հետ բախման տանելուն, որտեղ հայկական պետականությունը չէր ունենալու ոչ մի շանս: Ով կամ ինչը զերծ պահեց այդ բախումից, նա ճիշտ էր, ու ճիշտ է լինելու հետագայում՝ այդ բախումը որեւէ կերպ թույլ չտալու դեպքում:
Իշխող համակարգը սպառել է իրեն եւ պետք է հեռանա, ու ներկայում չկա ճգնաժամ, կա սահուն հեռանալու հնարավորություն՝ թողնելով Հայաստանը: Հայաստանում ներկայում հնարավորություն է, ոչ թե ճգնաժամ: Եվ ով խոսում է, թե այս կամ այն դեպքում չէր լինի ճգնաժամ, նա փաստացի խոսում է, որ այս կամ այն դեպքում Հայաստանը չէր ունենա առաջ գնալու հնարավորություն:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ