Հայաստանի նոր քայլը Արցախի հարցում

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում տեղի ունեցած հանդիպումից: Արցախի նախագահի եւ խորհրդարանականների հետ հանդիպում է ունեցել Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների պատվիրակությունը:
Արարատ Միրզոյանը սոցցանցում գրել է, որ նախ տեղեկացել են սահմանի օպերատիվ իրավիճակին եւ համոզվել, որ Հայաստանի եւ Արցախի զինուժը փայլուն կատարում է իր գործառույթը եւ ապահովում անվտանգությունը: Դրանից բացի, Միրզոյանը նշել է, որ քննարկման «բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորություններից և զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ»:
Հայաստանում ծավալվող իրադարձությունների համատեքստում Արցախի հետ հաղորդակցության եւ Արցախի հարցի դիտարկման անհրաժեշտությունը թերեւս չունի ավելորդ հիմնավորման կարիք:
Իսկ երբ թավշյա հեղափոխությունը անցնում է արդեն կառավարման պատասխանատվության, պետական քաղաքականության համար պատասխանատվության դաշտ, ապա Արցախի հարցը այստեղ առաջ է գալիս շատ կոնկրետ հարցադրումներով: Այդ տեսանկյունից ամենից հաճախ հնչողներից մեկն այն է, թե օրինակ որն է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Արցախի խնդրում: Առավել եւս, որ ընդհանրապես հնչում էր հարցը, թե Սերժ Սարգսյանը չլինելու դեպքում ո՞վ է բանակցելու Արցախի խնդրում:
Խորհրդարանում Փաշինյանի թեկնածության քննարկման առաջին արարի ընթացքում ՀՀԿ պատգամավորները փորձեցին խաղալ նաեւ նրա տարիներ առաջ դեռեւս լրագրողական գործունեության ընթացքում մոտեցումների վրա, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ դրանք կտրելով համատեքստից եւ մանիպուլյացիայի միջոցով ցույց տալով, թե ինքն իբրեւ թե տարածքները համարում է ադրբեջանական:
Հայաստանում այդ իմաստով սակայն նկատի չի առնվում մի առանցքային իրողություն՝ ապրիլի քառօրյա պատերազմը, այդ պատերազմի ընթացքում կյանքը Արցախի ու Հայաստանի անվտանգության ու տարածքային դե ֆակտո ամբողջության համար տված 100-ից ավելի երիտասարդների նահատակության փաստը, համազգային այն դիմադրության փաստը, որ զարմացրել էր գուցե թե Ադրբեջանին, թե միջազգային ուժային կենտրոններին, թե անգամ Հայաստանի իշխանությանը:
Ապրիլի այդ չորս օրերը քաշել են անանցանելի մի գիծ, չթողնելով հնարավորություն որեւէ կերպ մնալ դրանից հետո, դրանից հետ թողնելով Հայաստանի որեւէ քաղաքական ուժի որեւէ մոտեցում արցախյան կարգավորման մասով: Առավել եւս, որ դրանք սկզբունքորեն չեն էլ տարբերվել երբեք եւ բոլորն էլ կառուցված են եղել տարածք կարգավիճակի դիմաց տրամաբանության վրա, ինչն էլ ի վերջո մղել է իրավիճակը փակուղի, Ադրբեջանին տալով «պատերազմի իրավունք»:
Ապրիլի քառօրյա պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերը, 100 նահատակների կյանքի գնով Ադրբեջանին զրկել են այդ իրավունքից եւ ամրագրել ազատության եւ ինքնորոշման Արցախի իրավունքը: Հայաստանում ներկայում խնդիր կա ոչ թե համեմատել ներկա ու նախկին դիրքորոշումները, այլ ձեւակերպել եւ ձեւավորել նոր խնդիրներն ու հայեցակարգերը Արցախի հարցում, որոնք պետք է բխեն ապրիլի քառօրյա պատերազմի արդյունքից եւ ստեղծած ռազմա-քաղաքական նոր իրավիճակից:
Ադրբեջանի ռազմատենչությունն ու ագրեսիան զսպելու համար Հայաստանը պետք է վերանայի տարածք կարգավիճակի դիմաց բանաձեւը, որովհետեւ Հայաստանի այդ փոխզիջումային հակվածությունը միայն ու միայն լկտիացնում է Ադրբեջանին եւ «օժտում» նրան իրավունքով: Ի վերջո չի կարելի քաղաքական կոնցեպտուալ այդ բացթողումը պարբերաբար սրբագրելու բեռը թողնել Հայաստանի զինված ուժերի վրա:
Այդ տեսանկյունից, Հայաստանում քաղաքական ուժերի հիմնական մեծամասնությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը մարտավարական իմաստով խնդիրը դիտարկում է այսպես՝ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը, չի կարող խոսք լինել փոխզիջման մասին:
Բայց դա մարտավարական հարցն է, մինչդեռ կա ռազմավարության խնդիր: Բանն այն է, որ մինչեւ ապրիլ հայկական քաղաքական ռազմավարությունը կառուցված է եղել կարծես թե այն հաշվարկի վրա, որ Ադրբեջանը միեւնույն է կպահանջի ամբողջը, իսկ Մինսկի խմբի համանախագահներն էլ միմյանց կհակակշռեն ու ստատուս-քվոն կպահպանվի այդպես:
Բայց թե ապրիլյան քառօրյան, թե նաեւ աշխարհաքաղաքական ներկայիս բուռն իրողությունները ակնառու հուշում են, որ այդ «ռազմավարությունը» մեղմ ասած անգործունակ է եւ անհեռանկար:
Հայաստանի նոր իրավիճակը նոր ռազմավարության մշակման հնարավորություն է: Դա անշուշտ արագ աշխատանք չէ, սակայն կարեւոր խնդիր է այն, որ դրան պետք է ներգրավվի Արցախի խնդրին կոնցեպտուալ նայող փորձագիտական հանրությունը: Իսկ այդ հանրությունն ունի բավական պատրաստված ներկայացուցիչներ, որոնք պետք է ստանան ռազմավարության քաղաքական պատվեր:
Նպատակը պետք է լինի Արցախի խնդրում նոր իրավիճակի ստեղծումը, որտեղ գեներացվեն հայկական կողմի, ոչ թե Ադրբեջանի իրավունքները:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ