Նիկոլի առաջին հանդիպումը Պուտինի հետ. երբ եւ ինչպես

Մայիսի 14-ին Սոչիում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական Խորհրդի նիստը կամ այլ կերպ ասած՝ ԵՏՄ Վեհաժողովը: Այնտեղ են հավաքվելու Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Կիրգիզիայի եւ Հայաստանի ղեկավարները:
Փաստացի, դա կարող է լինել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին արտերկրյա այցն ու Վեհաժողովը, եթե իհարկե մայիսի 8-ին ամեն ինչ ավարտվի քաղաքական հայտարարությունների համաձայն, եւ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ:
Խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան, դե ֆակտո Առաջին դեմքը վարչապետն է եւ ըստ այդմ նա պետք է մասնակցի այդօրինակ Վեհաժողովներին:
Ըստ այդմ, հնարավոր է, որ մայիսի 14-ին Սոչիում լինի կրկնակի ուշագրավ իրավիճակ: Նախ, ԵՏՄ «նախագահական ակումբին» Հայաստանը փաստորեն կմասնակցի վարչապետի մակարդակով: Հայաստանը ԵՏՄ-ում խորհրդարանական կառավարմամբ միակ պետությունը չէ: Խորհրդարանական կառավարում է նաեւ Կիրգիզիայում, որտեղ կառավարության ղեկավարը հաշվետու է ոչ թե նախագահի, այլ խորհրդարանի առաջ: Բայց, Կիրգիզիայում նախագահն ունի ավելի լայն լիազորություն, քան Հայաստանի մոդելում: Ըստ այդմ, չնայած խորհրդարանական մոդելին, Վեհաժողովներում Կիրգիզիան ներկայացել է նախագահի մակարդակով:
Այդպիսով, Հայաստանը ԵՏՄ-ում այդ տեսանկյունից կդառնա բացառություն: Ինչպե՞ս է դա ընդունվելու ԵՏՄ առաջնորդների մոտ, հատկապես «ցմահ» եռյակի՝ Պուտին, Նազարբաեւ, Լուկաշենկո: Կիրգիզիայում ղեկավարները վերջին տարիներին փոխվել են, եւ օրինակ 2017 թվականի նոյեմբերից այդ պետությունն ունի նոր նախագահ:
Երբ վարչապետը Սերժ Սարգսյանն էր, «ցմահ եռյակի» համար իրավիճակը հոգեբանորեն այլ էր, իսկ երբ Հայաստանն ունի նոր, երիտասարդ վարչապետ, իրավիճակի ընկալումը նրանց մոտ կարող է լինել բոլորովին այլ:
Ավելին, այստեղ առանցքային հանգամանք է դառնում այն, որ խոսքը պարզապես նոր վարչապետի մասին չէ, այլ թավշյա հեղափոխության առաջնորդի մասին: Մի բան, որն իբրեւ երեւույթ իսկ անընդունելի է «ցմահ եռյակի» տրամաբանության համար:
Մյուս կողմից, իրավիճակը խոշոր հաշվով աննախադեպ չէ: Ի վերջո, նրանք՝ իհարկե տարբեր ֆորմատներով, բայց առնչվել են կիրգիզական երկու հեղափոխություններին ու դրանց արդյունքում նոր նախագահներին՝ Ակաեւից հետո Բակիեւ, Բակիեւից հետո Ատամբաեւ:
Այդ տեսանկյունից, եռյակը թերեւս պետք է լինի վարժված: Թեեւ հարցերի առկայությունն անկասկած անխուսափելի է: Ըստ երեւույթին, հենց դրանք է շոշափել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Արմեն Սարգսյանն այս օրերին հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հետ:
Ի՞նչն է հետաքրքրում նրանց՝ ով է Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ արդյոք Արմեն Սարգսյանը կերաշխավորի, որ Փաշինյանը վարչապետության դեպքում Հայաստանը չի մատուցի անցանկալի անակնկալներ:
Ի դեպ, հետաքրքիր է, որ մի քանի օր առաջ Բելառուսի Համազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ իր իրավասությունների շրջանակում թույլ չի տա Հայաստանի շահերի ոտնահարում, շահերի համատեքստում դիտարկելով Եվրասիական ինտեգրացիան: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է արել քաղաքական հայտարարություն, որ Հայաստանը չի վերանայի այդ ինտեգրացիան եւ չի փոխի արտաքին քաղաքական վեկտորը:
Հանգստացնու՞մ է այդ ամենը «ցմահ եռյակին», թե ոչ: Կասկածից վեր է, որ իրավիճակը եւ փոխըմբռնումն առանցքային մասով կախված է լինելու անմիջապես Նիկոլ Փաշինյանի հետ շփումներից:
Մյուս կողմից, այդ իմաստով մայիսի 14-ը կարող է բավական բարդ լինել նաեւ Փաշինյանի համար, կրկնեմ՝ եթե մայիսի 8-ին ՀՀԿ-ն հանդես չի բերի հերթական, այս անգամ թերեւս իր համար անդառնալի անհամարժեքություն: Փաշինյանը շարժման ընթացքում ցուցաբերել է թե որպես քաղաքական գործիչ հասունացման բարձր տեմպ, թե ինքնատիրապետման բարձր մակարդակ: Այդուհանդերձ, եվրասիական իշխանության երեք «հսկաների» հետ հանդիպումը քաղաքական փորձության այլ մակարդակ է:
Կարո՞ղ է լինել տարբերակ, որ Հայաստանում կայացվի հանդիպմանը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հանրապետության նախագահի մասնակցություն: Խնդիրն այստեղ այն է, որ նախագահը կարծես թե չունի դրա սահմանադրական լիազորությունը: Լուծելի՞ է այդ հարցը, թե ոչ:
Մյուս կողմից, եթե Նիկոլը գնում է, ապա անհրաժեշտ է բավական մանրակրկիտ պատրաստվածություն, այդ թվում աներկբա է, որ այդ հանդիպումից առաջ կարեւոր է Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան զրույցը, արդեն առանց լրատվամիջոցների: Սերժ Սարգսյանն անկասկած ունի կարեւոր խորհրդատվություն, ընդհուպ ամենանուրբ մանրամասներ, թե ինչպիսի մարդիկ են երեք նախագահները զուտ շփումների մակարդակում:
Ստեղծված իրավիճակում կա նաեւ բավականին տարածված մեկ այլ մտայնություն, որ Ռուսաստանին՝ եվրասիական շրջանակի առաջատարին, ձեռնտու չէ Հայաստանում լեգիտիմ եւ ուժեղ իշխանություն, քանի որ դա կնշանակի Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության թուլացում եւ կորուստ:
Եթե մի քանի տարի առաջ այդ մտայնությունը կարող էր ունենալ հիմք, ներկայում աշխարհակարգային նոր իրավիճակում, որտեղ լիովին նոր խնդիրների եւ մարտահրավերների առաջ է նաեւ Ռուսաստանը, իրավիճակը էապես փոխված է նաեւ հայ-ռուսական հարաբերության հարցում եւ ընդ որում՝ թերեւս շրջված գլխիվայր:
Ըստ այդմ, Հայաստանում լեգիտիմ, հանրայնորեն վստահելի եւ կենսունակ իշխանությունն է ներկայում երեւի թե Ռուսաստանի ելքը այն ծուղակից, որ հայ-ռուսական հարաբերությունն իբրեւ թե հակառուսականությունից պաշտպանող, իրականում այդ հարաբերության նենգափոխման վրա մակաբուծողները ստեղծել են Կրեմլի համար:
Եվ եթե այսպես ասած հին աշխարհաքաղաքական ռեժիմում Մոսկվայի համար դա խնդիր չէր, ապա նորում դառնում է բավականին լուրջ խնդիր, ընդ որում լուծման բավական բարդ հեռանկարներով: Ըստ այդմ, լուծման հիմնարար հեռանկար դառնում է Հայաստանում հանրայնորեն, համազգային վստահություն վայելող իշխանությունը:
Ի վերջո, Ռուսաստանը ունի Հայաստանի եւ Կովկասի մասով ռազմա-քաղաքական ազդեցության հարցի լուծման ծանրակշիռ գործոններ, որոնք կախված չեն Հայաստանում իշխանության լեգիտիմության աստիճանից, այլ բխում են օբյեկտիվ իրավիճակից: Հակառակը, Հայաստանում միայն լեգիտիմ իշխանությունն ունակ կլինի հայ-ռուսական հարաբերությունը մաքրել մակաբույծներից եւ թողնել օբյեկտիվ իրողություններն ու փոխադարձ առողջ շահերը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ