Նոր իրավիճակ խորհրդարանում. Նիկոլի եւ ուժայինների աշխատանքը


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, Հանրապետական կուսակցությունը կգնա ընդդիմություն: Աշոտյանն ասել է, որ չնայած ձայների մեծամասնությանը, ՀՀԿ-ն իրեն կհամարի ընդդիմություն, քանի որ չի տեսնում կառավարության հետ գործակցության հնարավորություն:

ՀՀԿ-ն հայտարարել է, որ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետության համար: Արմեն Աշոտյանն էլ ասում է, որ խնդիրը վարչապետի թեկնածու ունենալն է, որը կունենա մեկ-երրորդի ստորագրությունը եւ կկարողանա հանդարտեցնել փողոցը: Այդ չափանիշներին, ըստ ՀՀԿ փոխնախագահի, համապատասխանում է Նիկոլ Փաշինյանը:Այդպիսով, Փաշինյանի օգտին քվեարկելուց հետո, եթե դա ի վերջո տեղի ունենա, ՀՀԿ-ն հավակնում է դառնալ նրա ընդդիմությունը: Թե ինչ է դա ենթադրում, ամբողջապես պարզ չէ, Արմեն Աշոտյանը չի մանրամասնել:Ստացվում է հետաքրքիր իրավիճակ, եթե նկատի առնենք նաեւ այն, որ մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Ծառուկյան դաշինքն էլ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցելուց հետո չի միանալու նրա ժամանակավոր կառավարությանը եւ մնալու է ընդդիմություն, չցանկանալով քաղաքական պատասխանատվություն ստանձնել այդ կառավարության համար:Ծառուկյան դաշինքը կարծես թե պաշտոնապես չի հստակեցրել իր դիրքորոշումը, բայց եթե այն համապատասխանի հրապարակված տեղեկությանը, ապա խորհրդարանի երկու խոշոր ուժերը փաստորեն լինելու են ընդդիմություն նոր վարչապետին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտնվելու է խորհրդարանական ծուղակում: Նրա օրենսդրական նախաձեռնությունները այդ դեպքում կմերժվեն, եթե չհամապատասխանեն ՀՀԿ եւ Ծառուկյան դաշինքի, կամ այս դեպքում թեկուզ միայն ՀՀԿ պատկերացումներին:Եթե ՀՀԿ խմբակցությունը պահպանում է իր ամբողջականությունը եւ չի տրոհվում, կարող է ձեւավորվել մեծամասնության նոր կազմ՝ Ծառուկյան դաշինքի կորիզով: Ադ դեպքում տվյալ՝ նոր մեծամասնությունը կփորձի թելադրել Նիկոլ Փաշինյանին, համենայն դեպս այդ սցենարի պարագայում:Եթե ՀՀԿ-ն չի տրոհվում, ապա Նիկոլ Փաշինյանին Ծառուկյան դաշինքի աջակցությունը բավարար չէ օրենսդրական արդյունավետության համար՝ մեծամասնությունը ՀՀԿ-ն է:Իհարկե տարօրինակ կլինի, եթե ամեն չընդունվող կամ մերժվող նախաձեռնության համար արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը կոչ անի դուրս գալ քաղաքացիական անհնազանդության:Իրավիճակը կլինի փակուղային:Բայց, այստեղ, ինչպես հայտնի ու բարի ֆիլմում, Փաշինյանին կարող է օգնության գալ տվյալ դեպքում այն, ինչ նրան եւ ընդդիմադիրներին «խանգարում» էր՝ գերվարչապետության ինստիտուտը:Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է ապամոնտաժել այն, վերաբաշխել լիազորությունները, նվազեցնել վարչապետի իշխանությունը, նախարարության կարգավիճակ տալ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, միաժամանակ նաեւ մեծացնել Հանրապետության նախագահի լիազորությունը: Փաշինյանը հայտարարել է, թե չի պատրաստվում օգտվել եւ պահպանել այն, ինչի համար քննադատում էր ՀՀԿ-ին:Բայց այդ փոփոխությունները հնարավոր են միայն խորհրդարանական մեծամասնության աջակցության պայմաններում, որովհետեւ դրանք պետք է կատարվեն օրենքով: Եթե այդ աջակցությունը չլինի, ապա Նիկոլ Փաշինյանը կլինի գերվարչապետ: Իսկ տվյալ պարագայում՝ եթե նա չունի խորհրդարանական մեծամասնության աջակցություն, այդ գերվարչապետությունը այսպես ասած այդքան էլ սարսափելի բան չէ եւ հակառակը՝ կբալանսավորի այդ մեծամասնության աջակցության բացակայությունը:Իրավիճակը ընդհանուր առմամբ տարօրինակ է՝ խորհրդարանական կառավարման մոդելի համար, բայց Հայաստանը դեռեւս անցումային՝ մոդելից-մոդել, եւ քաղաքական առումով էլ թավշյա հեղափոխական վիճակում է, ըստ այդմ արտառոց իրադրությունը զարմանալի չէ, եւ գերվարչապետությունն այս դեպքում ստանում է նույնիսկ դրական նշանակություն:Դա թույլ կտա Նիկոլ Փաշինյանին ունենալ ամուր դիրքեր՝ խորհրդարանական մեծամասնությանը բանակցության ու երկխոսության բերելու համար, պայմանավորվելով համակարգային վերափոխումների շուրջ, առաջին հերթին Ընտրական օրենսգրքի:Խոշոր հաշվով, նաեւ հենց դա էր գերվարչապետության ինստիտուտի նպատակը՝ բալանսավորել իրավիճակը խորհրդարանում վարչապետի մեծամասնություն չունենալու դեպքում: Գերվարչապետությունը Սերժ Սարգսյանը ծրագրել էր ոչ միայն զուտ իր իշխանության չափի հաշվարկով: Բանն այն է, որ Սարգսյանը հիանալի էր պատկերացնում ներհամակիարգային բաժանարար գծերի եւ շահերի բախման առատությունն ու խորությունը, ինչը իրավիճակը խորքային առումով դարձնում էր անկանխատեսելի եւ Սերժ Սարգսյանը փորձում էր իրեն հնարավորինս անկախացնել խորհրդարանական մեծամասնության անկանխատեսելի պահվածքից: Նաեւ հենց դա էր պատճառը, որ Սարգսյանը դե յուրե մեծամասնությունից բացի, համենայն դեպս ջանքեր էր գործադրել դե ֆակտո ստվերային, ցրված մեծամասնություն ունենալու համար՝ ՀՀԿ, ՀՅԴ, Ծառուկյան դաշինքի մի շարք պատգամավորներից կազմված դե ֆակտո «հավաքականով»:Փաստացի ստացվում է, որ անելով իր համար, Սերժ Սարգսյանն ակամայից բալանսավորող հնարավորություններ է ստեղծել թավշյա հեղափոխության համար: Իհարկե այստեղ հիմնարար նշանակություն է ունենալու ուժային կառույցների ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունը: Թավշյա հեղափոխության գործընթացում այն կարծես թե բավական կառուցողական էր իր տողատակում: Դրա շարունակությունն արդեն նոր փուլում առանցքային նշանակություն ունի Հայաստանում առանց ցնցումների պատմական փոփոխությունների շարունակությունն ապահովելու համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ